Դուք՝ որպես կենսաթոշակային համակարգի մասնակից, կարող եք «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով նախատեսված դեպքերում ստանալ Ձեր  կենսաթոշակային ֆոնդի միջոցները: Վերջիններիս ստացման հնարավորություններն են.

  1. Կենսաթոշակային հաշվին առկա միջոցները օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցումը,
  2. Կենսաթոշակային ֆոնդի փայերի ժառանգության ստացումը,
  3. Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը միանվագ վճարի ձևով կենսաթոշակային հաշվում առկա միջոցների ստացումը,
  4. Կենսաթոշակի տեսակի ընտրության կատարումը,
  5. Կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականության հրաժարում/ընդունումը:

Վերոնշյալ բոլոր դիմումները կարող են ներկայացվել բացառապես Հաշվի օպերատորների միջնորդությամբ:

Կենսաթոշակային հաշվին առկա միջոցները օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցում

Դուք՝ որպես մասնակից, Ձեր մշտական բնակության վայր վերադառնալիս իրավունք ունեք Ձեր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա միջոցները փոխանցել օտարերկրյա պետությունում անդամակցած կենսաթոշակային համապատասխան համակարգին: Այդ նպատակով Դուք ներկայացնում եք օրենքով նախատեսված հիմք հանդիսացող անհրաժեշտ փաստաթղթերը և Մասնակցի միջոցները օտարերկրյա պետությունում գործող կուտակային ենսաթոշակային հաշվին փոխանցելու դիմումը:

Կենսաթոշակային ֆոնդի փայերի ժառանգության ստացում

Մահացած մասնակցի կենսաթոշակային ֆոնդերը ժառանգի կողմից ժառանգելու համար ժառանգը ներկայացնում է Ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստնալու դիմումը: Վերջինիս հետ միաժամանակ ժառանգը պարտադիր ներկայացնում է նաև նոտարի կողմից տրամադրված ժառանգության վկայագրի պատճեն: Ժառանգության վկայագիրը տալիս է նոտարը Դեպոզիտարիային կատարված հարցման հիման վրա: Նոտարի հարցումը Դեպոզիտարիա է ներկայացնում նոտարը , հաշվի օպերատորի միջնորդությամբ և ժառանգի կամ վերջինիս լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ, որին էլ Դեպոզիտարիան տրամադրում է հարցման պատասխանը:

Ժառանգված կենսաթոշակային միջոցների ստացման գործընթացը

Առաջին քայլ

Ժառանգը պետք է ստանա տեղեկատվություն ժառանգած կենսաթոշակային միջոցների վերաբերյալ, որի համար.

  • Նոտարը հարցում է ուղարկում Դեպոզիտարիա թղթային եղանակով փոստի միջոցով, կամ
  • Ժառանգն անձամբ է նոտարական հարցումը ներկայացնում Դեպոզիտարիա:

Երկրորդ քայլ

Կենտրոնական դեպոզիտարիան 3 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանում է նոտարի գրավոր հարցմանը.

  • Ժառանգին անձամբ, կամ
  • Նոտարին՝ փոստի միջոցով:

Երրորդ քայլ

Նոտարի կողմից իր հարցման պատասխանի հիման վրա տրամադրված ժառանգության վկայագիրը և անձը հաստատող փաստաթղթերը ներկայացնում են Դեպոզիտարիա.

  • Ժառանգն անձամբ՝ դիմում ներկայացնելով Դեպոզիտարիային,
  • Ժառանգն անձամբ՝ Հաշվի օպերատորների միջնորդությամբ,
  • Նոտարը՝ թղթային եղանակով փոստի միջոցով։

Չորրորդ քայլ

Նոտարի կողմից կազմած ժառանգության վկայագրում առկա տեղեկատվությունը (ամբողջական լինելու դեպքում) Դեպոզիտարիան գրանցում է Համակարգում այն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում և այդ մասին տեղեկացնում է ժառանգին կամ ՀՕ-ին, ում միջոցով փաստաթղթերը փոխանցվել են Դեպոզիտարիա:

Հինգերորդ քայլ

Ժառանգը ժառանգված կենսաթոշակային միջոցները իր բանկային/կենսաթոշակային հաշվին փոխանցելու նպատակով՝ Նոտարի կողմից կազմած ժառանգության վկայագիրը և անձը հաստատող փաստաթղթերը վկայագիրը ստանալուց հետո 1 տարվա ընթացքում ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ է ներկայացնում ռեեստրավարման համակարգում գրանցվող դիմում։

Վեցերորդ քայլ

Դեպոզիտարիան «Կուտակային կենսաթոշակների մասին» Օրենքի համաձայն Հինգերորդ քայլով նշված դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է ժառանգված փայերի մարումը և փոխանցում դիմումում նշված բանկային հաշվեհամարին կամ կազմակերպում է ժառանգված փայերի փոխանցումը ժառանգի կենսաթոշակային հաշվին:

Վերոնշյալ քայլերում Ժառանգի փոխարեն կարող է փաստաթղթերը ներկայացնել նաև վերջինիս լիազոր ներկայացուցիչը:

Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը միանվագ վճարի ձևով կենսաթոշակային հաշվում առկա միջոցների ստացում

Դուք՝ որպես մասնակից, այդ թվում նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, կարող եք ներկայացնել Ձեր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը`

  1. Դուք օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել եք աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ,
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա:

Տվյալ գործառնությունը իրականացնելու համար Դուք՝ որպես մասնակից, ներկայացնում եք Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձեւով ստանալու դիմում:

Կենսաթոշակի տեսակի ընտրության կատարում

Կենսաթոշակային տարիքը լրացած, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև 55 տարին լրացած մասնակիցները, իրավունք ունեն ստանալ կենսաթոշակ իրենց կենսաթոշակային ֆոնդի միջոցներից: Կախված Ձեր կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի ընդհանուր հաշվարկային արժեքից՝ Դուք Ձեր կուտակային կենսաթոշակը կարող եք ստանալ երեք հնարավոր եղանակներով՝

  1. Անուիտետային ձևով,
  2. Ծրագրային վճարի ձևով,
  3. Միանվագ վճարի ձևով:

Կենսաթոշակ ստանալու նպատակով մասնակցի կողմից ներկայացվում է կենսաթոշակի տեսակ ընտրելու դիմում: Մասնակցի կողմից նախքան «Կենսաթոշակի տեսակ ընտրելու դիմում»-ի ներկայացնելը, մասնակիցը պետք է ներկայացնի «Կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու դիմում»-ը ՝ իր կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի, դրանց ընդհանուր հաշվարկային արժեքի, ինչպես նաեւ մասնակցի միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարի մասին տեղեկատվություն ստանալու համար:

Կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականության հրաժարում/ընդունում

Դուք՝ որպես մասնակից, իրավունք ունեք հրաժարվել Ձեզ համար ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից, ինչպես նաեւ հետագայում ընդունել կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունը: Եթե Դուք չեք հրաժարվում Ձեր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից, ապա համարվում է, որ Դուք ընդունում եք այդ փայերի սեփականության իրավունքը: Կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու իր իրավունքի իրագործման համար մասնակիցը ներկայացնում է «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու դիմում (այսուհետ սեփականությունից հրաժարվելու/ընդունելու դիմում)-ը:

Կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու կամ ընդունելու դիմում ներկայացնելու իրավունքից յուրաքանչյուր մասնակից կարող է օգտվել միայն մեկ անգամ:

Թարմացված է առ` 30.10.2020