2014թ.-ից Հայաստանում ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգը:
ՀՀ Կառավարության և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ միջև կնքված պայմանագրի համաձայն Դեպոզիտարիան իրականացնում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարումը: Օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության գործառույթը նույնպես վերապահված է Դեպոզիտարիային:
Կուտակային կենսաթոշակային ֆոնդի միջոցները ներկայումս կառավարվում են «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ և «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է երեքական ֆոնդ՝ կայուն եկամտային(FIX), պահպանողական(CON) և հավասարակշռված(BAL):
Ֆոնդերի փայերի զուտ ակտիվների արժեքը ՀՀ-ում կազմում է 251.242 միլիարդ ՀՀ դրամ 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ: Ակտիվների ընդհանուր կառուցվածքը ներկայացված է ստորև.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԵԹԵ ԴՈՒՔ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՔ ԿԱՏԱՐՈՒՄ, ԱՊԱ ՁԵՐ ԱՆՈՒՆԻՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ` ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ
- Դուք՝ որպես մասնակից, կարող եք ընտրել նոր կենսաթոշակային ֆոնդ և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ՝ Ձեր հետագա կուտակային վճարները ուղղելով նույն կամ նոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կենսաթոշակային ֆոնդի:
- Կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակում կատարելով՝ Ձեր հաշվում առկա փայերը (կամ դրանց մի մասը) փոխանակում եք նոր ֆոնդի փայերով: Նշված դեպքում մասնակցի հետագա վճարները շարունակվում են ուղղվել ֆոնդի/ֆոնդի կառավարչի ընտրության դիմումում նշված ֆոնդի փայերի ձեռք բերմանը: Լրացնելով նաև ֆոնդի/ֆոնդի կառավարչի ընտրության դիմում՝ Դուք կարող եք նաև հետագա վճարները ուղղել նոր ֆոնդի փայերի ձեռք բերմանը:
- Դուք՝ որպես կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից, հնարավորություն ունեք տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր կենսաթոշակային հաշվի վերաբերյալ հաշվետվություն՝ ներկայացնելով կենսաթոշակային հաշվում արտացոլված տարեկան տվյալների /նախորդ տարվա տարեկան հաշվետվության/ ստանալու մասին դիմում: Հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ստանալու համար նշված դիմումը լրացվում է մեկ անգամ և հետագա տարիներին Դուք՝ որպես մասնակից, շարունակում եք ստանալ էլեկտրոնային հաշվետվություն, իսկ թղթային եղանակով ստանալու համար Դուք յուրաքանչյուր տարի պետք է լրացնեք տվյալ դիմումը:
- Ժառանգի կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի կենսաթոշակային միջոցների ժառանգության ձևակերպման համար հիմք է հանդիսանում նոտարի կողմից տրամադրված ժառանգության վկայագիրը, որը կազմվում է նոտարի կողմից կատարված հարցման հիման վրա: Նոտարի հարցումը Դեպոզիտարիա է ներկայացնում նոտարը, հաշվի օպերատորի միջնորդությամբ և ժառանգի կամ վերջինիս լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ,որին էլ Դեպոզիտարիան տրամադրում է հարցման պատասխանը:
Կենսաթոշակային հաշիվը հնարավոր է ստուգել բանկոմատով և մի շարք բանկերի բանքինգ համակարգով։ Մանրամասն կենսաթոշակային քաղվածք կարելի է ստանալ «Իմ հաշիվ» կայքէջ մուտք գործելով կամ հաշվի օպերատոր բանկեր և Հայփոստի բաժանմունք այցելելով։