Կատեգորիա: Դեպոզիտարիա

CDA Online հավելվածի միջոցով տեղի է ունեցել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի բաժնետերերի առաջին ժողովը

08.12.2021


Այսօր Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի CDA Online հավելվածի միջոցով տեղի է ունեցել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով։  Ժողովին մասնակցել են մինչև ս. թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ կողմից իրականացված  բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխումը գրանցված բաժնետերերը (1118 անձ)։ Դեկտեմբերի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում բաժնետերերը առցանց հասանելիություն են ստացել ժողովի մասին ողջ տեղեկատվությանը և փաստաթղթերին, քննարկվող հարցերին և քվեարկել են բջջային և վեբ հավելվածների օգնությամբ։ Քվեարկության մեկնարկից անմիջապես հետո ստեղծվել է ֆորում, որտեղ բաժնետերերը կարողացել են քննարկել իրենց հուզող հարցերը ինչպես միմյանց, այնպես էլ ժողովի քարտուղարի հետ։ Ժողովի արդյունքներն արխիվացվում են և հասանելի են նաև քվերկությունից հետո:

«Բաժնետերերի արտահերթ ժողովի գումարման հիմնական նպատակը Բանկի կողմից թողարկված լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների հաստատումն էր: Մենք դեռևս սեպտեմբերին թողարկեցինք 7,5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով 500 000 հատ բաժնետոմս, որն ամբողջությամբ սպառվեց նախանշված ժամկետներում: Այս վստահության համար մենք շնորհակալ ենք մեր բոլոր բաժնետերերին և ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարացնենք նրանց սպասելիքներն ու միասին նպաստենք մեր երկրի տնտեսության զարգացմանը»,- նշեց Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ակբա բանկի բաժնետերերի ժողովն առաջինն է, որը տեղի է ունենում CDA Online հավելվածի միջոցով։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան առցանց էլեկտրոնային քվեարկության համակարգ ներդրած առաջին կազմակերպությունն է տարածաշրջանում։ Համոզված եմ, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում CDA Online հավելվածը կշարունակի բարձր պահանջարկ վայելել ինչպես բաժենտիրական ընկերությունների, այնպես էլ ներդրողների շրջանում, քանի որ այն ունի հագեցած ֆունկցիոնալ և չի սահմանափակվում միայն առցանց բաժնետերերի ժողովներ հրավիրելու և անցկացնելու հնարավորությամբ»,- նշեց Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը։

Թարմացված է առ` 08.12.2021