Ցանկացած անձ իրավունք ունի տեղեկություններ ստանալ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա»ԲԲԸ-ի (ՀԿԴ) կողմից մատուցվող ծառայությունների և դրանց սակագների վերաբերյալ: Տեղեկությունները տեղադրված են սույն կայքէջի Ծառայություններ բաժնում, իսկ ՀԿԴ ծառայությունների սակագները կարող եք գտնել այստեղ:

Հաճախորդների բողոքները և պահանջները

Եթե Դուք ունեք բողոք կամ պահանջներ ՀԿԴ-ի կամ Համակարգի անդամի գործողությունների վերաբերյալ, Դուք կարող եք դիմել ՀԿԴ-ի տնօրինությանը՝ Ձեր իրավունքների խախտման տեղի ունենալու պահից երեք ամսվա ընթացքում: Ի նկատի ունեցեք նաև, որ ՀԿԴ-ի կամ Համակարգի անդամի գործողությունների վերաբերյալ կարող եք բողոքներ ներկայացնել միայն այն դեպքում, եթե Դուք օգտվում կամ օգտվել եք ՀԿԴ ծառայություններից:

Բողոքը անհրաժեշտ է ներկայացնել գրավոր ձևով՝ հստակ հիմնավորելով Ձեր իրավունքների խախտման փաստերը և կցելով համապատասխան ապացույցներ, ինչպես նաև նշելով Ձեզ հետ կապ հաստատելու միջոցները:

ՀԿԴ-ի իրավասու ստորաբաժանումը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի Ձեր բողոքը կամ պահանջը: Ուսումնասիրման համար Ձեզանից լրացուցիչ նյութեր պահանջվելու դեպքում բողոքի ուսումնասիրման ժամկետը կարող է երկարացվել ևս երկու աշխատանքային օրով:

Եթե բողոքը վերաբերում է Համակարգի անդամի գործողություններին, ապա ՀԿԴ-ն երկու աշխատանքային օրվա ընթացքում Համակարգի անդամից պահանջում է համապատասխան պարզաբանում, որը Համակարգի անդամը պարտավոր է ներկայացնել երեք աշխատանքային օրվա ընթացքում:
ՀԿԴ-ն անհրաժեշտության դեպքում նաև կարող է իրականացնել արտահերթ ստուգում Համակարգի անդամի մոտ՝ բողոքում նշված փաստերի ստուգման համար: Ստուգման կամ բողոքի քննության արդյունքում խախտում հայտնաբերելու դեպքում ՀԿԴ-ն ձեռնարկում է կատարված խախտումը ուղղելու միջոցներ:

Դուք իրավունք ունեք նաև բողոքարկել ՀԿԴ-ի գործողությունները, ինչպես նաև Ձեր բողոքի տրված պատասխանը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

ՀԿԴ ծառայությունների վերաբերյալ բողոք-պահանջները ՀԿԴ տնօրինությանը կարող եք ներկայացնել այս էջում նշված կապի միջոցներով: Բողոք-պահանջների քննության ընթացակարգը շարադրված է ՀԿԴ-ի Հաճախորդների բողոք-պահանջների քննության կարգում:

ՀԿԴ ֆիզիկական անձ հաճախորդների տասը միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գույքային պահանջների քննությունը կատարվում է այս կարգի համաձայն: Պահանջների ներկայացման համար նախատեսված Հայտը` *.doc ֆորմատով կարող եք ներբեռնել այստեղ:

Բացի այդ, Ձեր իրավունքների պաշտպանության համար կարող եք դիմել ֆինանսական հաշտարարին: Կարող եք ծանոթանալ նաև Ֆինանսական հաշտարարի միջոցով վեճերի լուծման բացատրական ամփոփագրին:

 

Տեղեկացում:  «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կայացրած որոշումների դեմ բողոքարկելու իր իրավունքից: Դա նշանակում է, որ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ -ն կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել ֆինասական համակարգի հաշտարարի կողմից «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի դեմ կայացված որոշումները:

Թարմացված է առ` 07.03.2017