Հաճախորդներին առավել բարձրակարգ ծառայություններ մատուցելու, ինչպես նաև արժեթղթերի միջազգային առևտուրը խթանելու նպատակով Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) համագործակցում է մի շարք միջազգային դեպոզիտարիների և մասնագիտացված կազմակերպությունների հետ: Մեր միջազգային գործընկերների և համագործակցության մասին տեղեկատվությունը ներկայացված է ստորև.

 

 

Clearstream Banking Luxemburg 

2016 թ. հունիսի 28-ին «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն (ՀԿԴ) և Deutsche Börse Group-ի անդամ հանդիսացող արժեթղթերի միջազգային կենտրոնական դեպոզիտարիան` Clearstream-ը, կնքել են ՀԿԴ-ում Clearstream-ի անվանատիրոջ հաշվի վարման պայմանագիր: Clearstream-ի դեպոզիտար կապի գործարկման միջոցով օտարերկրյա ներդրողները կկարողանան առանց ՀԿԴ-ում հաշիվ բացելու ներդրումներ կատարել ՀՀ պետական պարտատոմսերում և վերազգային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերում: Clearstream-ի դեպոզիտար կապն ապահովում է վերջնահաշվարկ առաքում համաձայնությամբ (FOP) եղանակով, իսկ օտարերկրյա ներդրողները ՀՀ արժեթղթերի հետ կապված դրամային եկամուտները կարող են ստանալ անմիջապես ՀՀ դրամով:

ՀԿԴ-ն նույնպես ունի անվանատիրոջ հաշիվը Clearstream-ում, որը բացվել է 2013 թ.-ի դեկտեմբերին: Շնորհիվ ՀԿԴ դեպոզիտար կապի՝ ներկայումս ՀԿԴ հաշվետերերը կարող են ՀԿԴ-ում բացված իրենց հաշվի միջոցով ապահովել աշխարհի ավելի քան 50 զարգացած և զարգացող երկրների արժեթղթերի պահառությունը և վերջնահաշվարկը:

 

Ռուսաստանի Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիա

Ռուսատանի Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիայի (NSD) և ՀԿԴ-ի միջև գործող երկկողմանի դեպոզիտար կապը թույլ է տալիս NSD-ի հաճախորդներին առանց ՀԿԴ-ում հաշիվ բացելու ներդրումներ կատարել ՀՀ-ում թողարկված արժեթղթերում: NSD-ի դեպոզիտար կապն ապահովում է վերջնահաշվարկ առաքում համաձայնությամբ (FOP) և առաքում վճարման դիմաց (DVP) եղանակներով:

Միաժամանակ, ՀԿԴ հաշվետերերը NSD-ի հետ գործարկված դեպոզիտար կապի միջոցով հնարավորություն ունեն անմիջականորեն ՀԿԴ-ից ստանալ Ռուսատանում թողարկված արժեթղթերի պահառության և վերջնահաշվարկի ծառայությունների ամբողջական փաթեթը:

Համաձային ԱՀՀ-ի և ՀԿԴ-ի միջև 2014թ. հունվարի 10-ին կնքված Համագործակցության հուշագրի, դեպոզիտարիաները նախատեսում են կազմակերպել սպասարկվող արժեթղթերի, համապատասխան օրենսդրական և կարգավորման փոփոխությունների, օգտագործվող տեխնոլոգիաների, չափանիշների և զարգացման պլանների մասին տեղեկատվության փոխանակում:

 

Ղազախստանի Կենտրոնական Դեպոզիտարիա

«Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն (ՀԿԴ) 2010թ. Ղազախսատնի կենտրոնական դեպոզիտարիայում անվանատիրոջ հաշվի բացման միջոցով գործարկել է դեպոզիտար կապ: Դրա շնորհիվ ՀԿԴ-ում հաշիվ ունեցող հաճախորդներին հասանելի են վերոնշյալ դեպոզիտարիայի կողմից մատուցվող պահառության և վերջնահաշվարկի (առաքում համաձայնությամբ՝ FOP եղանակով) ծառայությունները: Դեպոզիտար կապը ՀՀ ներդրողների համար էականորեն հեշտացնում է Ղազախստանի արժեթղթերի շուկայում գործառնությունների կատարումը:

 

Արժեթղթերի հանրապետական կենտրոնական դեպոզիտարիա, Բելառուս

2016 թ. մայիսի 31-ին «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն (ՀԿԴ) և Բելառուսի կենտրոնական դեպոզիտարիան` «Արժեթղթերի հանրապետական կենտրոնական դեպոզիտարիա» Հանրապետական միասնական ընկերությունը (ԲԿԴ գործարկել են երկկողմանի դեպոզիտար կապեր: Դրանց շնորհիվ ԲԿԴ-ի և ՀԿԴ-ի հաճախորդներին հասանելի են վերոնշյալ դեպոզիտարիաների կողմից պահառության և վերջնահաշվարկի (առաքում համաձայնությամբ՝ FOP եղանակով) ծառայությունները: Երկկողմանի դեպոզիտար կապերը երկու երկրների ներդրողների համար էականորեն հեշտացնում են Հայաստանի և Բելառուսի արժեթղթերի շուկաներում գործառնությունների կատարումը:

Թարմացված է առ` 25.04.2017