Կենսաթոշակային համակարգի մասնակիցները կարող են «Կուտակային կենսաթոշակների մասին» Օրենքով նախատեսված դեպքերում ստանալ իրենց  կենսաթոշակային ֆոնդի միջոցները: Վերջիններիս ստացման հնարավորություններն են.

  1. Կենսաթոշակային հաշվին առկա միջոցները օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցումը,
  2. Կենսաթոշակային ֆոնդի փայերի ժառանգության ստացումը,
  3. Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը միանվագ վճարի ձևով կենսաթոշակային հաշվում առկա միջոցների ստացումը,
  4. Կենսաթոշակի տեսակի ընտրության կատարումը,
  5. Կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականության հրաժարում/ընդունումը:

Վերոնշյալ բոլոր դիմումները կարող են ներկայացվել բացառապես Հաշվի օպերատորների միջնորդությամբ:

Կենսաթոշակային հաշվին առկա միջոցները օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցում

Մասնակիցն իր մշտական բնակության վայր վերադառնալիս իրավունք ունի իր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա միջոցները փոխանցել օտարերկրյա պետությունում անդամակցած կենսաթոշակային համապատասխան համակարգին: Այդ նպատակով մասնակիցը ներկայացնում է Օրենքով նախատեսված հիմք հանդիսացող անհրաժեշտ փաստաթղթերը և Մասնակցի միջոցները օտարերկրյա պետությունում գործող կուտակային ենսաթոշակային հաշվին փոխանցելու դիմումը:

Կենսաթոշակային ֆոնդի փայերի ժառանգության ստացում

Մահացած Մասնակցի կենսաթոշակային ֆոնդերը Ժառանգի կողմից ժառանգելու համար Ժառանգը ներկայացնում է Ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստնալու դիմումը: Վերջինիս հետ միաժամանակ Ժառանգի կողմից պարտադիր ներկայացվում է նաեւ նոտարի կողմից տրամադրված ժառանգության վկայագրի պատճեն: Ժառանգության վկայագիրը տրվում է նոտարի կողմից Դեպոզիտարիային կատարված հարցման հիման վրա: Նոտարի հարցումը Դեպոզիտարիա է ներկայացվում Նոտարի կողմից, Հաշվի օպերատորի միջնորդությամբ և ժառանգի կամ վերջինիս լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ, որին էլ Դեպոզիտարիան տրամադրում է հարցման պատասխանը:

Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը միանվագ վճարի ձևով կենսաթոշակային հաշվում առկա միջոցների ստացում

Մասնակիցը, այդ թվում նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, կարող է ներկայացնել իր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե առկա է հետեւյալ պայմաններից որեւէ մեկը`

  1. մասնակիցն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ,
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա:

Տվյալ գործառնությունը իրականացնելու համար մասնակիցը ներկայացնում է Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը Մասնակցի միջոցները միանվագ վճարի ձեւով ստանալու դիմում:

Կենսաթոշակի տեսակի ընտրության կատարում

Կենսաթոշակային տարիքը լրացած, իսկ Օրենքով նախատեսված դեպքերում նաեւ 55 տարին լրացած Մասնակիցները, իրավունք ունեն ստանալ կենսաթոշակ իրենց կենսաթոշակային ֆոնդի միջոցներից: Կախված մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի ընդհանուր հաշվարկային արժեքից՝ մասնակիցն իր կուտակային կենսաթոշակը կարող է ստանալ երեք հնարավոր եղանակներով՝

  1. Անուիտետային ձեւով,
  2. Ծրագրային վճարի ձեւով,
  3. Միանվագ վճարի ձեւով:

Կենսաթոշակ ստանալու նպատակով մասնակցի կողմից ներկայացվում է Կենսաթոշակի տեսակ ընտրելու դիմում: Մասնակցի կողմից նախքան «Կենսաթոշակի տեսակ նտրելու դիմում»-ի ներկայացնելը, մասնակիցը պետք է ներկայացնի «Կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու դիմում»-ը ՝ իր կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի, դրանց ընդհանուր հաշվարկային արժեքի, ինչպես նաեւ մասնակցի միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարի մասին տեղեկատվություն ստանալու համար:

Կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականության հրաժարում/ընդունում

Մասնակիցն իրավունք ունի հրաժարվել իր համար ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից, ինչպես նաեւ հետագայում ընդունել կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունը: Եթե անձը չի հրաժարվում իր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից, ապա համարվում է, որ նա ընդունում է այդ փայերի սեփականության իրավունքը: Կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու իր իրավունքի իրագործման համար մասնակիցը ներկայացնում է «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու դիմում (այսուհետ սեփականությունից հրաժարվելու/ընդունելու դիմում)-ը:

Կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու կամ ընդունելու դիմում ներկայացնելու իրավունքից յուրաքանչյուր մասնակից կարող է օգտվել միայն մեկ անգամ:

 

 

 

Թարմացված է առ` 03.05.2017