Կենսաթոշակային համակարգի մասնակիցները կարող են  Հաշվի օպերատորների միջնորդությամբ, «ԻՄ ՀԱՇԻՎԸ» ինտերնետային էջի, ինչպես նաև Բանկոմատների միջոցով տեղեկատվություն ստանալ իրենց կենսաթոշակային հաշիվներում առկա միջոցների վերաբերյալ: Նշված տեղեկատվությունն ստանալու համար Մասնակիցները կարող են ներկայացնել ստորև նշված դիմումները.

  1. Հաշվով գործառնությունների մասին տեղեկանք ստանալու,
  2. Հաշվի մնացորդի վերաբերյալ հաշվետվություն ստանալու,
  3. Կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու,
  4. Կենսաթոշակային հաշվում արտացոլված տարեկան տվյալների ստացման:     

Հաշվով գործառնությունների մասին տեղեկանքի ստացում

Մասնակիցը հնարավորություն ունի որոշակի ժամանակաշրջանի դրությամբ իր կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալ, որը ներառում է ընթացիկ տեղեկություններ մասնակցի եւ պետության կողմից կատարած կուտակային վճարների, կենսաթոշակային ֆոնդի փայերով իրականացվող գործառնությունների եւ վճարների, մասնակցի օգտին վճարում կատարողի, ֆոնդի փայերի քանակի, փայի արժեքի եւ այլնի մասին: Տվյալ տեղեկատվության ստացման նպատակով մասնակցի կողմից ներկայացվում է Կենսաթոշակային հաշվով գործառնությունների մասին տեղեկանք ստանալու դիմում:

Հաշվի  մնացորդի վերաբերյալ հաշվետվության ստացում

Մասնակիցը հնարավորություն ունի իր կենսաթոշակային հաշվի վերաբերյալ որոշակի օրվա դրությամբ տեղեկություններ ստանալ, մասնավորապես կենսաթոշակային ֆոնդի անվանումը (որի փայերը մասնակիցը ձեռք է բերել), մասնակցի փայերի քանակը, փայի հաշվարկային արժեքը, ընդհանուր գումարը արտահայտված ՀՀ դրամով: Տվյալ տեղեկատվության ստացման նպատակով մասնակցի կողմից ներկայացվում է Կենսաթոշակային հաշվի մնացորդի վերաբերյալ հաշվետվություն ստանալու դիմում:

Կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվության ստացում

Կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռքբերած Մասնակիցը նախքան կենսաթոշակի տեսակ ընտրելը հնարավորություն ունի ստանալու հաշվետվություն իր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի, դրանց ընդհանուր հաշվարկային արժեքի, ինչպես նաեւ մասնակցի միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարի մասին, վերջինիս հիման վրա էլ մասնակիցը ընտրում է կենսաթոշակի ստացման համապատասխան եղանակը: Տվյալ տեղեկատվությունն ստանալու համար մասնակիցը ներկայացնում է Կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու դիմում:

Կենսաթոշակային հաշվում արտացոլված տարեկան տվյալների ստացում

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը հնարավորություն ունի տարեկան մեկ անգամ անվճար ստանալ իր կենսաթոշակային հաշվի վերաբերյալ հաշվետվություն էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ստանալու համար Մասնակիցը ներկայացնում է ցանկացած դիմում՝ նշելով ստացման եղանակը և էլեկտրոնային հասցեն: Տարեկան էլեկտրոնային հաշվետվությունները Մասնակիցներին տրամադրվում են այնքան ժամանակ, քանի դեռ Մասնակցի կողմից չի ներկայացվել դիմում տվյալ հաշվետվությունը չստանալու կամ այն թղթային եղանակով ստանալու համար նախատեսված դիմումը: Մասնակիցը կարող է որոշել թղթային եղանակով ստանալ կամ դադարեցնել նշված տեղեկատվության ստացումը՝ ներկայացնելով Կենսաթոշակային հաշվում արտացոլված տարեկան տվյալների ստացման մասին դիմում (նախորդ տարվա տարեկան հաշվետվություն):

Եթե մասնակիցը չի ընտրում հաշվետվության ստացման իր համար նախընտրելի եղանակը, ապա հաշվետվությունն ուղարկվում է միայն առաջին տարվա համար թղթային տարբերակով՝ մասնակցի գործատուի կողմից տրամադրված հասցեով կամ մասնակցի կողմից համակարգում նախապես լրացված հասցեով:

Տարեկան հաշվետվությունը իրենից ներկայացնում է մասնակցի կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում տվյալ մասնակցի կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված սոցիալական վճարի չափը, մասնակցի օգտին վճարում կատարողի անունը, պետության կողմից հատկացված միջոցները, ինչպես նաեւ վճարված տույժերի չափը, վճարման կատարման ժամանակաշրջանը, հաշվետու ժամանակաշրջանի սկզբի եւ վերջի դրությամբ մասնակցի հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի քանակը, յուրաքանչյուր ֆոնդի փայի հաշվարկային արժեքը եւ փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը, յուրաքանչյուր ֆոնդի տարեկան եկամտաբերությունը, հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ֆոնդի (ֆոնդերի) փայերի հետ կապված գործարքները (փայերի ձեռքբերումը, փոխանակումը կամ մարումը):

Բանկոմատների միջոցով Մասնակիցը ստանում է իր կենսաթոշակային հաշվի մնացորդի և հաշվով կատարված վերջին տաս գործարքների վերաբերյալ տեղեկատվություն:

Թարմացված է առ` 03.05.2017