Դուք՝ որպես կենսաթոշակային համակարգի մասնակից, կարող եք Հաշվի օպերատորների միջնորդությամբ և «Իմ հաշիվը» ինտերնետային էջի միջոցով կառավարել Ձեր կենսաթոշակային հաշիվները: Վերջիններիս կառավարման հնարավորություններն են.     

  1. Անձնական տվյալների փոփոխություն,
  2. Կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարչի ընտրություն,
  3. Կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակում:

Անձնական տվյալների փոփոխություն

Դուք Ձեր կենսաթոշակային հաշվում անձնական տվյալների լրացման եւ հետագա փոփոխությունների համար կարող եք ներկայացնել Անձնական տվյալները փոփոխելու դիմումը:

Կենսաթոշակային ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ ընտրություն

Դուք՝ որպես մասնակից, ցանկացած ժամանակ կարող եք Ձեր կենսաթոշակային հաշվի բացման, և հետագայում կենսաթոշակային ֆոնդի ընտրություն կատարելուց հետո վերջինիս համապատասխան Ձեր կուտակային վճարները նույն կամ նոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կենսաթոշակային ֆոնդին ուղղելու համար ներկայացնել Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի եւ ֆոնդի կառավարչի ընտրելու դիմում:

Դիմումը լրացնելիս անհրաժեշտ է լրացնել անձի անհատական և կոնտակտային տվյալները, ինչպես նաև տեղեկատվության ստանալու նախըտրելի միջոցը, որից հետո ընտրություն կատարել հետևյալ գործող 6 կենսաթոշակային ֆոնդերի միջև.

  • ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ կայուն եկամտային
  • ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ պահպանողական
  • ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Հավասարակշռված
  • Ցե-Կվադրատ Ամպեգա կայուն եկամտային
  • Ցե-Կվադրատ Ամպեգա պահպանողական
  • Ցե-Կվադրատ Ամպեգա հավասարակշռված

Եթե Դուք չեք կողմնորոշվում ֆոնդի ընտրության հարցում, ապա կարող եք ընտրել միայն կենսաթոշակային ֆոնդի կառավարչին, որից հետո Ձեր փոխարեն կընտրվի տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի պահպանողական ֆոնդը:

Դուք՝ որպես մասնակից, կարող եք նաև փոխել Ձեր ակտիվ կենսաթոշակային ֆոնդը՝ կրկին անգամ ներկայացնելով վերոնշյալ դիմումը: Դիմումը լրացնելիս անհրաժեշտ է ընտրություն կատարել ակտիվ կենսաթոշակային ֆոնդից տարբեր այլ կենսաթոշակային ֆոնդերի միջև: Նոր դիմումը Համակարգ մուտքագրելուց հետո Ձեր հետագա կուտակային վճարները կուղղվեն վերջին ընտրության դիմումով ընտրված կենսաթոշակային ֆոնդը: Դուք կարող եք ունենալ միայն մեկ ակտիվ կենսաթոշակային ֆոնդ:

 Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակում

Դուք հնարավորություն ունեք ցանկացած ժամանակ Ձեր կենսաթոշակային հաշվում առկա փայերը այլ կենսաթոշակային ֆոնդի փայերով փոխանակելու, այսինքն Ձեր կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարելու եւ մարված փայերի հաշվարկային արժեքին համապատասխան այլ կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու: Տվյալ գործառնություն իրականացնելու համար մասնակիցը ներկայացնում է Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու դիմում: Նշված դեպքում Ձեր հետագա վճարները շարունակվում են ուղղվել ֆոնդի/ֆոնդի կառավարչի ընտրության դիմումում նշված ֆոնդի փայերի ձեռք բերմանը:

Հաշվի օպերատորը իր մատուցած ծառայությունների շրջանակներում չի գովազդում որևէ կենսաթոշակային ֆոնդ և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, չի տրամադրում խորհրդատվություն կամ որևէ այլ կերպ չի ուղղորդում մասնակիցներին կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության հարցում:

Թարմացված է առ` 03.12.2019