«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերությունը (ՀԿԴ) ՀՀ արժեթղթերի շուկայի ձևավորման առաջին իսկ փուլում ստեղծված ինստիտուտներից մեկն է:  05.06.2009-ից ՀԿԴ բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը Հայաստանի ֆոնդային բորսան է:

1996-ից՝ իր հիմնադրման պահից ի վեր ՀԿԴ-ն բաժնետիրական ընկերություններին տրամադրել է ռեեստրի վարման, իսկ այլ իրավաբական անձանց և անհատներին` արժեթղթերով հաշիվների բացման և վարման ծառայություններ: ՀԿԴ-ի զարգացման հետ մեկտեղ՝ մեր հաճախորդների թիվը շարունակաբար աճել է:

ՀԿԴ-ի առաքելությունն է Հայաստանի ֆինանսական շուկայում ներդնել միջազգային դեպոզիտար լավագույն փորձը և մատուցել ծառայությունների ամբողջական փաթեթ հայաստանյան ու օտարերկրյա գործընկերներին՝ իրար կապելով տարածաշրջանի տնտեսությունները։ Հանդիսանալով կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառու ու մասնակիցների ռեեստրավար` ՀԿԴ-ի առաքելությունն է նաև գործել որպես կրթական ու զարգացման կենտրոն։

Որպես կենտրոնացված ռեեստրավար՝ ՀԿԴ-ն թողարկողներին տրամադրում է անվանական ոչ փաստաթղթային արժեթղթերի կենտրոնացված ռեեստրի վարման, արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրերի շնորհման, վճարային գործակալի, տեղեկությունների տրամադրման և այլ լրացուցիչ ծառայություններ:

Որպես արժեթղթերի հաշվարկային համակարգի օպերատոր ՀԿԴ-ն իրականցնում է բորսայական և արտաբորսայական գործարքների քլիրինգ ու վերջնահաշվարկ: Բացի այդ ՀԿԴ-ն իրականացնում է նաև արժեթղթերի կենտրոնացված ապանյութականացումն ու օրինական սեփականատերերի անվամբ դրանց գրանցումը:

Ծառայությունների ցանկում է նաև կենտրոնացված պահառուի գործառույթները՝ անմիջականորեն կամ իր ենթապահառուների միջոցով ապահովելով անվանական արժեթղթերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների օրինական գրանցումը և փոխանցումը:

2014թ.-ին Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից ի վեր Դեպոզիտարիան իրականացնում է կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարումը: Օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության գործառույթը նույնպես վերապահված է  Դեպոզիտարիային:

ՀԿԴ-ի գործունեությունը կարգավորող և վերահսկող մարմինը ՀՀ կենտրոնական բանկն է:

ՀԿԴ-ն անդամակցում է Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիային (AESCD), Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիային (ANNA), SWIFT միջազգային վճարումների համակարգին, Reuters տեղեկատվական համակարգին:

ՀԿԴ-ն տիրապետում է համարժեք ապահովագրական պոլիսների՝ հրդեհի և այլ վտանգների, գույքի կորստի և բիզնեսի շարունակականության ընդհատման դեպքերի համար:


Դիտել «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի պետական գրանցման վկայականը և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիան:

«Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի Կանոնադրությունը և Էթիկայի և վարվելակերպի կանոնները կարող եք գտնել այստեղ:

Դիտել «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի վարչակազմակերպական կառուցվածքը:

Թարմացված է առ` 02.04.2020