Կատեգորիա: Կենսաթոշակային համակարգ

Կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվություն

15.08.2018

Կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվություն. որոշ պարզաբանումներ եվ օրինակներ

Ինչպես է հաշվարկվում եկամուտը

Ընդհանուր դիտարկումներ

  • Եռամսյակային հաշվետվությունը ձևավորվում է յուրաքանչյուր մասնակցի անհատական կենսաթոշակային հաշվում առկա տվյալների հիման վրա, որտեղ բոլոր գործառնությունները հաշվառվում են փայերի տեսքով: Սա նշանակում է, որ ցանկացած կուտակային հատկացում հարկային մարմնի կողմից Կենտրոնական դեպոզիտարիային փոխանցելու օրվանից առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում (ընտրված կենսաթոշակային ֆոնդի դեպքում, իսկ ֆոնդ ընտրված չլինելու դեպքում հարկային մարմնից գումարը ստանալուց 30 օր հետո) վերածվում է փայերի, և արդեն փայերն են արտացոլվում կենսաթոշակային հաշվի մնացորդում,
  • Եռամսյակային հաշվետվությունը ձևավորելիս փայերով արտահայտված մնացորդները (ինչպես ժամանակահատվածի սկզբում, այնպես էլ ժամանակահատվածի վերջում) արտահայտվում են փայերի արժեքով՝ դրամային արտահայտությամբ: 2014թ.-ից ի վեր փայերի արժեքները հրապարակված են և հասանելի են Դեպոզիտարիայի կայքում: 
  • Եռամսյակային հաշվետվությունում տվյալները պարզության համար ներկայացվում են դրամային արտահայտությամբ: Եռամսյակային հաշվետվությունը միակ միջոցը չէ մասնակցի կողմից իր կենսաթոշակային հաշիվը հսկելու և կառավարելու համար: epension.am կայքի «Իմ հաշիվը» էջի և Հաշվի օպերատորների միջոցով հասանելի են նաև այլ տեսակի հաշվետվություններ, որոնցից, օրինակ, «Կենսաթոշակային հաշվով գործառնությունների մասին տեղեկանք»-ն առավել մանրամասնությամբ ներկայացնում է կենսաթոշակային հաշվով կատարված բոլոր գործառնությունները մասնակցի նախընտրած ժամանակահատվածի ընթացքում: Բանկոմատների միջոցով եւս կարելի է տեղեկանալ հաշվի մնացորդի եւ կատարված վերջին գործարքների մասին:

Ինչու՞ են նույն  ֆոնդերի դեպքում եկամտաբերությունները նույն ժամանակահատվածի համար տարբեր

  • Կախված գործատուի կողմից կուտակային հատկացումների կատարման և հարկային մարմնի կողմից հատկացումների փոխանցման պարբերականությունից եկամտի չափը, հետևաբար և եկամտաբերությունը նույն ֆոնդի փայերը ձեռքբերած տարբեր մասնակիցների դեպքում կարող են տարբեր լինել:
  • Ակնհայտ է նաև եկամտի չափի անմիջական կապը հաշվում առկա մնացորդների չափի հետ, որի հիմքում են ընկած ամսեկան կուտակվող միջոցների չափը, համակարգին միացած լինելու տևողությունը, ինչպես նաև ընտրված կենսաթոշակային ֆոնդի եկամտաբերությունը:

*Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ եկամտաբերության հաշվարկի ստորև կիրառված մեթոդաբանությունը պայմանական է և նպատակ ունի ներկայացնելու կուտակային միջոցների հոսքի ազդեցությունը եկամտի, հետևաբար նաև եկամտաբերության չափի վրա։

Օրինակներ

Այսպիսով՝ վերոգրյալը հստակեցնելու նպատակով ստորև բերված են հաշվարկման մի քանի օրինակներ, որոնք կազմվել են հաշվետվության ձևավորման համար հիմք հանդիսացած  ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ պահպանողական (AMCON)-ի և Ցե-Կվադրատ Ամպեգա պահպանողական (CQCON)-ի փայերի արժեքների հիման վրա:

AMCON

CQCON

01/04/18թ. (հր-ված 30.03.18) 1457.5048 ՀՀ դրամ

01/07/18թ. (հր-ված 29.06.18) 1473.6937 ՀՀ դրամ

Եկամտաբերություն՝ 1,11 %

01/04/18թ. (հր-ված 30.03.18) 1433.3797 ՀՀ դրամ

01/07/18թ. (հր-ված 29.06.18) 1447.2903 ՀՀ դրամ

Եկամտաբերություն՝ 0,97 %

 

ՕՐԻՆԱԿ 1. Ամունդի-Ակբա պահպանողական ֆոնդ

Մասնակցի օգտին հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հատկացումներ չեն իրականացվել:

Մասնակցի համար կուտակային վճարներ եռամսյակի ընթացքում չեն կատարվել, ինչը նշանակում է, որ մասնակցի փայերի քանակի փոփոխություն տեղի չի ունեցել: Սկզբնական մնացորդը կազմել է 10061.4 ՀՀ դրամ, որը հաշվարկվում է 6.903168 հատ փայը բազմապատկելով տվյալ ֆոնդի փայի սկզբնական արժեքով՝ 1457.5048:

Ժամանակաշրջանի վերջում մասնակցի մնացորդը կազմել է 10173.2 ՀՀ դրամ՝ 6.903168*1473.6937 (փայի արժեքը ժամանակահատվածի վերջում):

Եկամուտը կազմել է 111.8 ՀՀ դրամ (10173.2-10061.4):

Եկամտաբերությունը տվյալ եռամսյակի համար կազմել է 1.11% (((10173.2-10061.4)/ 10061.4)*100)՝ նույն այն եկամտաբերությունը, որը մեր կողմից հաշվարկվել է սկզբնական և վերջնական փայերի արժեքները համադրելով:

ՕՐԻՆԱԿ 2. Ամունդի-Ակբա պահպանողական ֆոնդ

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մասնակցի օգտին իրականացվել են կուտակային հատկացումներ:

Օգտագործենք 1-ին օրինակը և դիտարկենք հատկացումներ կատարելու հնարավորությունները, ընդ որում դիտարկենք հատկացումներ կատարելու երեք ակնհայտ տարբեր իրավիճակներ պատկերը առավել հստակ նկարագրելու համար.

Տարբերակ 1. Բոլոր կուտակային հատկացումները Մասնակիցների Ռեեստրավարին են փոխանցվել  ապրիլի 12-ին: Ենթադրենք՝ մասնակցի համար փոխանցվել է 30000 ՀՀ դրամ: Ապրիլի 12-ին փայերի արժեքը կազմել է 1468.4085 ՀՀ դրամ, հետևաբար 30000 դրամի  հաշվին ձեռք կբերվի  20.430282 հատ փայ (30000/1468.4085)

Արդյունքում մասնակցի փայերի վերջնական մնացորդը եռամսյակի վերջում կկազմի 27.33345 (20.430282+6.903168), իսկ վերջնական մնացորդը՝ գումարային արտահայտությամբ 40281.1 ՀՀ դրամ, ինչը նշանակում է, որ մասնակցի եկամուտը կկազմի 219.7 ՀՀ դրամ (40281.1-10061.4-30000), որի արդյունքում կփոխվի նաև եկամտաբերությունը՝ կազմելով 2.18% (((40281.1-10061.4-30000)/ 10061.4)*100):

Տարբերակ 2. Բոլոր կուտակային հատկացումները  Մասնակիցների ռեեստրավարին են փոխանցվել մայիսի 29-ին: Ենթադրենք՝ մասնակցի համար փոխանցվել է նույն 30000 ՀՀ դրամը: Մայիսի 29-ին փայերի արժեքը կազմել է 1472.6744 ՀՀ դրամ, հետևաբար 30000 դրամի  հաշվին ձեռք կբերվի  20.371102 հատ փայ (30000/ 1472.6744)։

Արդյունքում մասնակցի փայերի վերջնական մնացորդը եռամսյակի վերջում կկազմի 27.27427 (20.371102+6.903168), իսկ վերջնական մնացորդը՝ գումարային արտահայտությամբ 40166.1 ՀՀ դրամ, ինչ նշանակում է, որ մասնակցի եկամուտը կկազմի 104,7 ՀՀ դրամ (40166.1-10061.4-30000), որի արդյունքում կփոխվի նաև եկամտաբերությունը՝ կազմելով 1.04% (((40166.1-10061.4-30000)/ 10061.4)*100):

Տարբերակ 3. Բոլոր կուտակային հատկացումները Մասնակիցների Ռեեստրավարին են փոխանցվել հունիսի 12-ին:  Մասնակցի համար փոխանցվել է նույն 30000 ՀՀ դրամը: Հունիսի 12-ին փայերի արժեքը կազմել է 1482.801 ՀՀ դրամ, հետևաբար 30000 դրամի հաշվին ձեռք կբերվի  20.23198 հատ փայ (30000/1482.801): Ընդ որում` փայերի արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջում արձանագրված փայի արժեքից (1473.6937 ՀՀ դրամ) ավելի բարձր է:

Արդյունքում մասնակցի փայերի վերջնական մնացորդը եռամսյակի վերջում կկազմի 27.135148 (20.23198+6.903168), իսկ վերջնական մնացորդը՝ գումարային արտահայտությամբ 39988.9 ՀՀ դրամ, ինչը նշանակում է, որ մասնակցի եկամուտը կկազմի -72.5 ՀՀ դրամ (39988.9-10061.4-30000), որի արդյունքում կփոխվի նաև եկամտաբերությունը կազմելով -0.72% (((39988.9-10061.4-30000)/ 10061.4)*100) (բացասական արժեքով):

ՕՐԻՆԱԿ 3. Ցե-Կվադրատ Ամպեգա պահպանողական ֆոնդ

Մասնակցի օգտին հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հատկացումներ չեն իրականացվել:

Մասնակցի համար կուտակային վճարներ եռամսյակի ընթացքում չեն կատարվել, ինչը նշանակում է, որ մասնակցի փայերի քանակի փոփոխություն տեղի չի ունեցել: Սկզբնական մնացորդը կազմել է 138524.5 ՀՀ դրամ, որը հաշվարվում է 96.641874 հատ փայը բազմապատկելով տվյալ ֆոնդի փայի արժեքով՝ 1433.3797:

Ժամանակաշրջանի վերջում մասնակցի մնացորդը կազմել է 139868.8 ՀՀ դրամ՝ 96.641874*1447.2903(փայի արժեքը ժամանակահատվածի վերջում):

Եկամուտը կազմել է 1344.3 ՀՀ դրամ(139868.8-138524.5)

Եկամտաբերությունը տվյալ եռամսյակի համար կազմել է 0.97% (((139868.8-138524.5)/ 138524.5)*100)՝ նույն այն եկամտաբերությունը, որը մեր կողմից հաշվարկվել է սկզբնական և վերջնական փայերի արժեքները համադրելով:

ՕՐԻՆԱԿ 4. Ցե-Կվադրատ Ամպեգա պահպանողական ֆոնդ

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մասնակցի օգտին իրականացվել են կուտակային հատկացումներ:

Օգտագործենք 3-րդ օրինակը և դիտարկենք հաշվում հատկացումներ կատարելու հնարավորությունները, ընդ որում դիտարկենք հատկացումներ կատարելու երկու ակնհայտ տարբեր իրավիճակներ պատկերը առավել հստակ նկարագրելու համար.

Տարբերակ 1. Բոլոր կուտակային հատկացումները Մասնակիցների Ռեեստրավարին են փոխանցվել  ապրիլի 7-ին:

Ենթադրենք՝ մասնակցի համար փոխանցվել է 30000 ՀՀ դրամ: Ապրիլի 7-ին փայերի արժեքը կազմել է 1438,6665 ՀՀ դրամ, հետևաբար 30000 դրամի հաշվին ձեռք կբերվի  20.852644 հատ փայ(30000/1438.6665):

Արդյունքում մասնակցի փայերի վերջնական մնացորդը եռամսյակի վերջում կկազմի 117.494518 (20.852644+96.641874), իսկ վերջնական մնացորդը՝ գումարային արտահայտությամբ 170048.7(117.494518*1447.2903) ՀՀ դրամ, ինչը նշանակում է, որ մասնակցի եկամուտը կկազմի 1524.2 ՀՀ դրամ (170048.7-138524.5-30000), որի արդյունքում կփոխվի նաև եկամտաբերությունը՝ կազմելով 1.1% (((170048.7-138524.5-30000/ 138524.5)*100):

Տարբերակ 2. Բոլոր կուտակային հատկացումները Մասնակիցների Ռեեստրավարին են փոխանցվել   մայիսի 11-ին: Ենթադրենք՝ մասնակցի համար փոխանցվել է 30000 ՀՀ դրամ: Մայիսի 11-ին փայերի արժեքը կազմել է 1450.841 ՀՀ դրամ, հետևաբար 30000 դրամի հաշվին ձեռք կբերվի  20.677662 հատ փայ (30000/1450.841)։

Արդյունքում մասնակցի փայերի վերջնական մնացորդը եռամսյակի վերջում կկազմի 117.319536 (20.677662+96.641874), իսկ վերջնական մնացորդը՝ գումարային արտահայտությամբ 169795.4 ՀՀ դրամ (117.319536*1447.2903), ինչը նշանակում է, որ մասնակցի եկամուտը կկազմի 1270.9 ՀՀ դրամ (169795.4-138524.5-30000), որի արդյունքում կփոխվի նաև եկամտաբերությունը՝ կազմելով 0.91% (((169795.4-138524.5-30000)/ 138524.5)*100):

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԱԵՎ ՀԻՇԵԼ, ՈՐ՝

  • Կենսաթոշակային ֆոնդի կատարողականը գնահատելու համար պետք է նայել երկար ժամկետում դրանց փոփոխությանը:
  • Փայերի գները, լինելով ֆոնդի ակտիվների շուկայական արժեքների արտահայտությունը, կարող են փոփոխվել ամեն օր, հետեւաբար սխալ է կարճաժամկետ (մեկ օրվա կամ մեկ եռամսյակի) եկամտաբերության հիման վրա գնահատել կենսաթոշակային ֆոնդերի կատարողականը:
Թարմացված է առ` 15.08.2018