Կատեգորիա: Միջոցառումներ

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան հաստատել են 2018-2020թթ․ ռազմավարությունը

25.07.2018

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի դիտորդ խորհուրդները հաստատել են ընկերությունների 2018-2020թթ․ ռազմավարությունն ու զարգացման ծրագրերը։

Հայաստանի ու տարածաշրջանի կապիտալի շուկաներում եղած բիզնես հեռանկարներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով մշակվել է նոր ռազմավարություն, համապատասխան աշխատանքների իրականացման պլան և կառավարման նոր համակարգ։

«Մենք այժմ ուսումնասիրում ենք Հայաստանում և արտերկրում մեր ոլորտին առընչվող առկա բիզնես հնարավորությունները, որոնք ծառայեցնելով մեր նպատակին՝ կկարողանանք տնտեսական արժեք ստեղծել մեր ընկերության և երկրի համար՝ գրանցելով Հայաստանը միջազգային ֆինանսական քարտեզի վրա»,- ասաց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

Առաջիկա երեք տարվա համար ընկերությունները մշակել են մի շարք նախագծեր, որոնցից մի քանիսն են՝

  • Թարմացնել բորսայական առևտրի կազմակերպման համակարգը, որից հետո մեր շուկան ուղղակիորեն հասանելի կդառնա թե՛ տեղի, թե՛ արտերկրի անհատ ներդրողների համար՝ հարմար ու հասանելի դարձնելով առևտրային համակարգը ցանկացած անձի համար, ով ցանկություն կունենա մասնակցել շուկայական առևտրին անգամ չնչին գումարներով:
  • Ստեղծել նոր քրաուդֆանդինգ հարթակ, որտեղ ստարտափ ընկերությունները կկարողանան ներգրավել սեփական ու պարտքային կապիտալ ավելի պարզեցված տարբերակով։
  • Ներդնել Հայաստանի այլընտրանքային ներդրումների շուկա գաղափարը, որտեղ և որի միջոցով արժեթղթեր թողարկողները կկարողանան ուղղակի վաճառել իրենց պարտատոմսերն ու այլ արժեթղթեր անհատ ներդրողներին՝ Դեպոզիտարիայի կողմից ստանալով վերջնահաշվարկի և պահառության ծառայություն։
  • Հայաստանյան ընկերությունների համար ստեղծել ցուցակման հնարավորություն եվրոպական ու եվրասիական ֆոնդային բորսաներում՝ արդյունքում մեր ընկերություններին հասանելի դարձնելով եվրասիական կապիտալը։
  • Մշակել բազմարժույթ հարթակ խոշոր ընկերությունների համար, որտեղ նրանք հնարավորություն կունենան տեղաբաշխել և ներգրավել ֆինանսական միջոցներ միմիանցից։
  • Մշակել ներդրումային ֆոնդերի գրանցման FundNet առցանց հարթակ, որ թույլ կտա հայաստանյան ու միջազգային ակտիվների կառավարիչներին Հայաստանում գրանցել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդեր և օգտվել բարենպաստ օրենսդրական և հարկային դաշտից։
  • Մշակել ու ներդնել էլեկտրոնային քվեարկության համակարգ Դեպոզիտարիայի հաճախորդ ընկերությունների բաժնետերերի ժողովների անցկացման համար՝ ավելի թափանցիկ դարձնելով կորպորատիվ կառավարումը։
  • Մշակել դեպոզիտար ծառայությունների բջջային հավելվածներ։
  • Տրամադրել խորհրդատվական ծառայություններ ու լուծումներ պոտենցիալ թողարկողներին ու ներդրողներին՝ դյուրացնելով իրենց մուտքը բորսա։ Ծառայությունները հասանելի կլինեն ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա գործընկերների համար։

«Մեր օտարերկրյա գործընկերների միջոցով, որոնց թվում են շուկայի առաջատարներ Clearstream Bank Luxembourg-ը, Raiffasen Bank-ը և Ռուսաստան-ի National Settlement Depository-ն, մենք հայկական արժեթղթերը հասանելի ենք դարձրել աշխարհի հիսունից ավել շուկաներում։ Այժմ մեր գերխնդիրն է նոր շունչ տալ միջազգային փոխհարաբերություններին՝ բարձրացնելով ինչպես այդ կապերի որակը նոր մոտեցումների, լուծումների ու տեխնոլոգիաների ներդրմամբ, այնպես էլ օգնել տեղական թողարկողներին բարձրացնելու իրենց կողմից թողարկվող արժեթղթերի հեղինակությունը և որակը։ Այսպես, օրինակ՝ պատրաստվում ենք ներդնել էլեկտրոնային քվեարկության համակարգ (e-voting), որի միջոցով կապահովվի ներդրողների պատշաճ մասնակցությունն ընկերությունների կառավարմանն՝ անկախ նրանց գտնվելու վայրից: Այս միջոցառման արդյունքում էականորեն կբարելավվի թողարկողների կորպորատիվ կառավարումն, ինչն էլ, անշուշտ, իր անմիջական ազդեցությունը կունենա նրանց հեղինակության աճի վրա»,- նշեց «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի տնօրեն Վահան Ստեփանյանը։

Ռազմավարությունը ներառում է նաև մի շարք այլ նախաձեռնություններ, որոնք բոլորը միտված են Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը։

«Համաշխարհային և տարածաշրջանային հնարավորություններին զուգահեռ՝ մենք համարում ենք, որ բիզնեսի հիմնական ռազմավարական զարգացման աղբյուրը մեր ներքին շուկայի ճիշտ բնականոն զարգացումն ու ներուժի իրացումն է: Նոր ռազմավարության ընդունումը և իրականացումը հարմար ժամանակի հետ է համընկել, քանի որ Հայաստանի ձեռնարկատիրական միջավայրում արդեն իսկ նկատելի է թափանցիկ աշխատելաոճի ցանկություն, ինչն էլ իր հերթին ավելի է դյուրացնելու ընկերությունների մուտքը դեպի բորսա՝ ստեղծելով համեմատաբար էժան և երկարաժամկետ դրամական միջոցներ ներգրավելու նոր հնարավորություններ»,- ասաց Հայկ Եգանյանը։

Նրա համոզմամբ՝ այս գործընթացները միևնույն ժամանակ ունենալու են դրական ազդեցություն նաև քաղաքացիների վրա, քանի որ բորսայական գործիքների մեջ ներդրումը ստեղծելու է ավելի շատ եկամուտ ստանալու հնարավորություն, քան բանկային ավանդներն են առաջարկում՝ ապահովելով քաղաքացիների ուղղակի ներգրավվածությունը երկրի տնտեսության մեջ։

Կապիտալի շուկայի զարգացման հարցում, ըստ ընկերության, մեծ դերակատարում ունեն ներդրումային ծառայություններ մատուցող մասնագիտացված ընկերությունները և բանկերը, առանց որոնց մասնակցության և մասնագիտական միջնորդության դժվար է ընդհանուր առմամբ զարգացնել կապիտալի շուկան:

«Փորձում ենք նաև ներգրավել Հայաստանի սահմաններից դուրս ակտիվ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններ, և պետք է նշեմ, որ արձանագրել ենք որոշ հետքրքրություն մեր շուկա մուտք գործելու հանդեպ: Այդ ուղղությամբ արդեն աշխատում են ընկերություններ թե՛ ԵՄ-ից, թե՛ Եվրասիական միության անդամ երկրներից: Հուսով եմ, որ առևտրային համակարգի վերազինման հետ զուգահեռ, ինչը հնարավորություն կստեղծի միջազգային ներդրողներին մուտք գործել մեր բորսա և իրականացնել առևտուր, մյուս տարի արդեն իսկ ականատես կլինենք արտասահմանյան կապիտալով ընկերությունների մասնակցությանը մեր կապիտալ շուկայում»,- հավելեց Հայկ Եգանյանը։

Ներկայում ընկերություններն արդեն արձանագրել են մի շարք կարևոր ձեռքբերումներ, որոնցից է հմուտ, բազմակողմանի զարգացած թիմի կառուցումը՝ բարձր գնահատելով աշխատակիցների հարուստ փորձն ու գիտելիքները և ներգրավելով թիմի նոր անդամներ, այդ թվում՝ սփյուռքից։

Նոր ռազմավարությանը կարող եք ծանոթանալ այստեղ

Թարմացված է առ` 30.08.2018